text
stringlengths
0
114k
Մարտի 24-ին, ժամը 12.43-ին տեղեկատվություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել` նետվելով Նորքի 7-րդ զանգվածի թիվ 32 շենքի 5-րդ հարկից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը և մեկ մարտական հաշվարկ: Մինչ հրշեջ – փրկարարների կանչի վայր հասնելը «1-02» ծառայության աշխատակիցները կանխել են թիվ 10 բնակարանի բնակիչ` 1987թ. ծնված Լուսինե Ք.-ի ինքնասպանու­թյան փորձը:
Ինչպես և կանխատեսվում էր՝ այս պահին Երևանում ուժեղ քամի է՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Երևանի քաղաքապետարանի հարակից այգում iLur.am-ի լուսանկարիչը քիչ առաջ ականատես եղավ, թե ինչպես է ուժեղ քամին ծառ շրջել:
ՀՀ Ազգային ժողովի մոտ հրազենից վիրավորված և հիվանդանոց տեղափոխված Մասիսի բնակիչ 25-ամյա Վրեժ Վանիկի Գալստյանի մոտ հայտնաբերվել են հոգեկան շեղումներ: Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է Առաջին կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը:
«Ինչպես գիտեք, այօսր նրան այցի էր եկել հոգեբույժ, և վիրավորվածի մոտ հայտնաբերվել են հոգեկան շեղումներ: Մինչ լիարժեք ապաքինումը նա կմնա հիվանդանոցում, որից հետո կտեղափոխվի համապատասխան մասնագիտացում ունեցող հաստատություն»,-ասաց Սահակյանը:
ՀՀ Ազգային ժողովի մոտ հրազենից վիրավորված և հիվանդանոց տեղափոխված Մասիսի բնակիչ 25-ամյա Վրեժ Վանիկի Գալստյանին այցելել էր հոգեբույժ` համապատասխան քննություն անցկացնելու և պարզելու տուժածի հոգեկան առողջական վիճակը:
Ազդրի մասում հրազենային վնասվածք ստացած անձի կյանքին վտանգ չի սպառնում: Նրա վերքը միջանցիկ է, ոսկրեր և խոշոր անոթներ չեն վնասվել:
Ազգային ժողով դանակով մուտք գործել փորձած անհայտ անձը վիրավորվել է անվտանգության աշխատակիցների կրակոցից: Նրա մուտքը խոչընդոտելու նպատակով խորհրդարանի տարածքը հսկող անվտանգության աշխատակցի կողմից հրազեն է գործածվել: Նրան նախազգուշացրել են օդ կրակելով, սակայն երբ դանակով զինված անձը փորձել է առաջ շարժվել, կրակել են նրա ոտքին: Ազգային ժողովի բուժքույրն առաջին բուժօգնություն է ցուցաբերել, մինչ ժամանել է Շտապօգնությունը: Երբ նրանից փորձել են հետաքրքրվել, թե ով է, ասել է` «Հիսուս Քրիստոսը»:
Ըստ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են մարտի 23-ի ժամը 15.07-ին Ավան Առինջի երկրորդ միկրոշրջանի շենքերից մեկի բակում կրակոցներ արձակած անձանց: Մարտի 23-ին` ժամը 15.07-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում  հաղորդում է ստացվել, որ Ավան Առինջի 2-րդ միկրոշրջանի շենքերից մեկի բակում կրակոցներ են հնչում: Պարզվել է, որ նույն օրը` ժամը 15.00-ին, անհատ անձինք Ավան Առինջի 2-րդ միկրոշրջանի թիվ 4/2 շենքի բակում և շքամուտքում դեռևս չպարզված հրազենով կրակել են 1986 թ. ծնված Անուշավան Մ.-ի և 1973 թ. ծնված Արմեն Ս.-ի ուղղությամբ, ինչի հետևանքով Արմեն Ս.-ն գոտկատեղի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի` 4 մմ և 5.6 մմ տրամաչափի  3 պարկուճ և 9 մմ տրամաչափի 2 գնդակ: Պարզվել է, որ հանցագործությունը կատարել են 1988 թ. ծնված Բեգլար Հ.-ն և 1983 թ. ծնված Հրանտ Հ.-ն:
Բացատրական աշխատանքների շնորհիվ, մարտի 24-ին`ժամը 02.30-ին, Բեգլար Հ.-ն և Հրանտ Հ.-ն ներկայացել են ոստիկանություն և ներկայացրել հանցագործության գործիք «Մակարով» ատրճանակը՝ պահունակով` առանց փամփուշտների և «Մարգուլին» ատրճանակը` պահունակով` լիցքավորված 1 փամփուշտով:
Բեգլար Հ.-ն և Հրանտ Հ.-ն ձերբակալված են: Ներկայացված ատրճանակներն ուղարկվել են փորձաքննության: Կատարվում է նախաքննություն:
Մարտի 27-ին, ժամը 09.45-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 38 շենքի 55-րդ բնակարանի բնակիչը ցանկանում է ինքնասպան լինել` նետվելով 14-րդ հարկի պատուհանից:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը և ՓՈւՎ ՀՀՋ-ի ավտոսանդուղքը: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Մարտի 27-ին ժամը 20.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան 19 հասցեում Ազգային ժողովի վարչական շենքի նկուղային հարկից ծուխ է նկատվում: Հայտնում է ԱԻՆ-ը: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը, երեք մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Հրդեհը մարվել է ժամը 21.05-ին:
1 քմ տարածքում այրվել են ստվարաթղթի մնացորդներ:
 
Մարտի 28-ին, ժամը 12.58 ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 50 հասցեում գտնվող «Լիբիդո» կարաոկե-բարում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.13-ին, մարվել՝ 13.18-ին: Հովացման համակարգում այրվել է մեկուսիչ շերտը:
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Կարեն Խ.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ծառայելով ՀՀ ՊՆ X զորամասում, որպես հրամանատարի մարտական գծով տեղակալ, կոչումով փոխգնդապետ, հանդիսանալով պետ 05.12.2012թ. զորամասի 2-րդ գումարտակի մուտքի աստիճանների վրա զինվորական պարտականությունները կատարելու կապակցությամբ` ճաշարանից ուշանալու համար զայրացել է իր ստորադրյալ` կրտսեր սերժանտ Արթուրի վրա, ձեռքով դիտավորյալ հրել նրան, որի պատճառով վերջինս վայր է ընկել աստիճանների վրա ու ստացել առողջության թեթև վնաս, հայտնում է iravaban.net-ը:
Գործով մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Մեղադրանքի պաշտպանությունը դատարանում իրականացվում է Երևանի կայազորի զինվորական դատախազության կողմից:
Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:
«Սիվիլիթասը» հաղորդագրություն է տարածել, ըստ որի` «Իրավունք» թերթը, վկայակոչելով իր՝ «իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուրները», տեղեկատվություն է հրապարակել, որ իբր «մյուս շաբաթվա ընթացքում ծրագրված է վտանգավոր սադրանք Ազատության հրապարակում» և որ իբր այդ սադրանքը կազմակերպված է «Սիվիլիթասին մոտ կանգնած, այսպես կոչված՝ քաղաքացիական ակտիվիստների» կողմից:
«Սիվիլիթաս հիմնադրամը ՀՀ իրավապահ մարմիններից՝ ոստիկանությունից, դատախազությունից և ԱԱԾ-ից, պահանջում է անհապաղ հարցաքննել լուրի և թերթի պատասխանատուներին՝ բացահայտելու այս՝ ակնհայտորեն սուտ հրապարակման շարժառիթները և պատվիրատուներին:
Արդեն տասն ամիս Սիվիլիթաս հիմնադրամի նկատմամբ շարունակվող հետապնդումներին ավելացել են նաև քարոզչական հնարքները, որոնք ակնհայտորեն նպատակ ունեն արատավորել կազմակերպության բարի համբավը», - ասվում է «Սիվիլիթաս» հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ:
Ապրիլի 1-ին, ժամը 00.38-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի կամրջի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեպքի մասին տեղեկացվել են «1-03» ծառայության աշխատակիցները:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում "ՎԱԶ-2106" մակնիշի 65 ST 762 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` "1-03" ծառայության աշխատակիցները` վարորդ` 1982 թ. ծնված Էդգար Աղաբաբյանին տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխել են Գավառ քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, այնուհետև` Երևանի "Սրբ. Գրիգոր Լուսավորիչ" բժշկական կենտրոն, որտեղ ստացած ծանր մարմնական վնասվածքներից մահացել է:
Ապրիլի 1-ին, ժամը 10.00-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Գեղանուշ գյուղի թիվ 7 տանը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով:
Այրվել են Ա.Գրիգորյանին պատկանող տան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 2քմ մակերեսով:
 
Քիչ առաջ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյանի գյուղապետարանի դիմաց տղամարդու դի կա: